Օրերս տեղի ունեցավ Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացման և առցանց հրապարակման առցանց շնորհանդեսը։ Նախագիծն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրության թվանշանային գրադարանը»՝ ԿԳՄՍ նախարարության մշակութային դրամաշնորհային մրցույթի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգով։ Զրույցի ենք հրավիրել նախարարության ներկայացուցիչ ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ և նախաձեռնության հեղինակ ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ։ Անդրադարձել ենք նաև հայագիտական նյութերի թվայնացման գործընթացներին առհասարակ։
«ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ»
ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ (ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ)
-Ե՞րբ է մեկնարկել ծրագիրը, ովքե՞ր կարող են մասնակցել։
-ԿԳՄՍ նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերից իրականացնում է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութային ձևաչափը: Մշակութային դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Այն ունի տարբեր անվանակարգեր, որոնցից մեկն էլ «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներն» է:
Մրցույթին, համաձայն կարգի, կարող են մասնակցել ՀՀ-ում գրանցված, շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն արվեստի, գրականության, մշակութային կրթության, մշակութային ժառանգության հետազոտության, պահպանման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային զբոսաշրջության և ներառականության խթանմանն ուղղված նախագծեր:
-Ո՞ր նախագծերին է նախապատվություն տրվում, և ինչպե՞ս է կատարվում հայտերի ընտրությունը։
-Առաջնահերթությունը տրվում է նորարարական և հեռանկարային նախագծերին: Մրցութային յուրաքանչուր ուղղություն ունի ներկայացված հայտերը քննող հանձնաժողով, որին վերապահված է ներկայացված նախագծերի ուսումնասիրության և գնահատման գործառույթը:
-Կա՞ն ծրագրեր, որ համավարակով պայմանավորված կասեցվելու են։
-«Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» դրամաշնորհային մրցութային ծրագիրը շարունակվում է, որոշ ծրագրեր, որոնք հանրային են, արտակարգ հանգամանքներով պայմանավորված ըստ հնարավորության, իրականացվելու են առցանց: Երրորդ եռամսյակի մրցութաշրջանը նախատեսվում է հայտարարել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
-Ի՞նչ կասեք «Միքայել Նալբանդյանի գրական ժառանգությունը՝ թվայնացված» ծրագրի մասին։
-«Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» մրցութային անվանակարգին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրության թվանշանային գրադարանի» ներկայացրած «Միքայել Նալբանդյանի գրական ժառանգությունը՝ թվայնացված» ծրագիրը մասնագիտական խորհրդի դրական գնահատականին էր արժանացել:
Այս ծրագիրն ապահովում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական գործիչ Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, որից անվճար կարող են օգտվել բոլորը: Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է. առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը ներկայացվում է նալբանդյանագիտական հիմնարար աշխատություններով:
«ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՎԵՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ
ՏԵՂԱՅՆԱՑՆԵԼՈՒՑ»
ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ («Հայ մատենագրության թվանշանային գրադարանի» գիտական ղեկավար)։
-Ո՞րն է գրական ժառանգության թվայնացման առաջնահերթ նպատակը՝ արխիվացնելը, համակարգելն ու պահպանե՞լը, թե՞ հանրահռչակելն ու ընթերցողին հասանելի դարձնելը։
-Կարծում եմ` բոլորը միասին։ 1999 թ. Հայաստանի ամերիկյան համալսարանում հիմնված «Հայ մատենագրության թվանշանային գրադարանը» (www.digilib.am) Հայաստանում սկիզբ դրեց հայագիտական աշխատանքներին նորագույն տեղեկատվական ու համակարգչային տեխնոլոգիաներով օգնելուն, այդ հետազոտությունները որակական նոր աստիճանի բարձրացնելուն, նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայ գրավոր մշակույթը առավել մատչելի դարձնելուն:
Համակարգչային թվային համակարգերը կարևոր դեր ունեն մատենագրական ժառանգության պահպանման, շտեմարանավորման, զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցելու գործում: Նրանց շնորհիվ հնարավորություն ստեղծվեց խուսափելու հայագիտությունը միայն գրադարաններում տեղայնացնելուց:
Միաժամանակ թվային համակարգերը հնարավորություն տվեցին Հայաստանի ու Սփյուռքի կառույցներին (դպրոցներ, համալսարանական ամբիոններ, կազմակերպություններ, հոգևոր հաստատություններ, անհատներ), ինչպես նոր սերնդին, այնպես էլ հանրության նորանոր շերտերին չմիջնորդավորված կերպով հաղորդակցվելու սեփական մշակութային ժառանգությանը, որը թվայնացվելով դարձավ աննախադեպորեն մատչելի:
-Ինչպե՞ս եք ընտրում գրականությունը, որը պետք է առաջնահերթ թվայանացվի. կարևորությու՞նն եք հաշվի առնում, քիչ հանրայնացված լինե՞լը, թե՞ ընթերցողական պահանջարկը։
-«Հայ մատենագրության թվանշանային գրադարանի» ծրագրերը (նյութերի ընտրությունը, միջոցների հայթայթումը և այլն) կյանքի են կոչվում մատենագետների և հայագիտական այլ բնագավառներ ներկայացնող միջազգային գիտական խորհրդի համատեղ որոշումներով` իր սկզբնավորման օրվանից ցայսօր գրադարանի ղեկավար, ՀԱՀ նախկին նախագահ Հարություն Արմենյանի ղեկավարությամբ։
Գրադարանում ընդգրկված բնագրերն ընտրվել են արդի հայագիտության մեջ գործող գիտական չափանիշների համաձայն։ Առաջնահերթությունը տրվել է միջնադարյան բնագրի գիտաքննական կամ համեմատական հրատարակություններին (միաժամանակ մուտքագրվել են բոլոր տարընթերցումները, որոնց ծավալը հաճախ մի քանի անգամ գերազանցում է բնագրի ծավալին)։ Գիտական հրատարակության բացակայության պարագայում առաջնությունը տրվել է եղած հրատարակություններից լավագույնին, որը դիմացել է ժամանակի քննությանն ու հայագետների կողմից ճանաչվել գործածելի ու պիտանի։ Միջնադարյան բնագրի մի շարք գիտական ու քննական բնագրերի առկայության դեպքում թվայնացման են ենթարկվել բոլորը: Բնագրի եզակի հրատարակության պարագայում տեղադրել է այդ հրատարակությունը: Հարցի պատասխանը երևում է «Հայ մատենագրության թվանշանային գրադարանի» բաղկացուցիչ խոշոր ենթաբաժիններից.
«Ե-ԺԸ դարերի հայ դասական մատենագրական հուշարձաններ (գրաբարով ստեղծված այս ժառանգությունը (ընդգրկում է մեր պատմագրության, իրավունքի, փիլիսոփայության, բնական գիտությունների, աստվածաբանության, բժշկության, լեզվաբանության, աշխարհագրության և այլ բնագավառների գրական հուշարձաններ) այն մշակութային ատաղձն է, որը պայմանավորել է մեր հետագա մտավոր զարգացումը։
1850-2000 թթ. արևմտահայ և Սփյուռքի գրական հուշարձաններ (հայտարարված են որպես վտանգված լեզվական գրավոր ժառանգություն։
«Նահատակ հեղինակներ» (այս խոշոր բաժինը, որ թվայնացվեց 2015 թ., ներառում է Ցեղասպանության զոհ դարձած մոտ 70 նահատակ հեղինակների գործեր):
Հայագիտություն (ներառում է ինչպես ընդհանուր, այնպես էլ հայագիտական նեղ մասնագիտական հետազոտություններ, նախատեսված գիտական հանրության համար):
Հայ կին հեղինակներ (մատչելիությունը՝ առաջիկայում)։ Առայժմ առցանց մատչելի է միայն Զապել Եսայանի ամբողջական գրական ժառանգությունը։
-Ի՞նչ կասեք Միքայել Նալբանդյանի արխիվների, հրատարակությունների, նրա գրական ժառանգության թվայնացման մասին։
-Նալբանդյանի դիվանը պահվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, մի փոքր մաս էլ` ՀՀ պատմության արխիվում։ Նալբանդյանի գրավոր ժառանգությունն ունեցել է մի քանի հրատարակություններ, որոնցից ամենաամբողջականն ու գիտականը ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի 1979-1997 թթ. հրատարակած վեցհատորյակն է, որն ընդգրկում է հայ հեղափոխական-դեմոկրատի գեղարվեստական չափածո և արձակ, հրապարակախոսական, փիլիսոփայական, գրաքննադատական, մատենախոսական, գիտական գործերը, նամակները, դատավարական գործը և այլն։ Թվայնացման ժամանակ հաշվի են առնվել Մ. Նալբանդյանի թղթային բոլոր հրատարակությունները։
Միքայել Նալբանդյանի ծննդյան 190-ամյակի առթիվ նրա երկերի թվայնացումը, որ իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով, նպատակ ունի համացանցում ներկայացնել նրա լիակատար գրական ժառանգությունը։
Միաժամանակ թվայնացվել են նաև Արսեն Տերտերյանի, Երվանդ Շահազիզի, Թադևոս Ավդալբեգյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարգո Մխիթարյանի նալբանդյանագիտական աշխատությունները։
-Ինչպե՞ս հետևել մատենագրության թվանշանային գրադարանի նյութերին և հենց Միքայել Նալբանդյանի գրական ժառանգությանը։
-Կատարված աշխատանքները մատչելի են հետևյալ հղումով։
Միքայել Նալբանդյանի բոլոր տեքստերն ուղեկցվում են նաև քերականական, խոսքիմասային նշումներով (POS taging), որ կարևոր նշանակություն ունեն լեզվաբանների համար։
«Հայ մատենագրության թվանշանային գրադարանում» տեղադրված են բաց մատչելիությամբ տեքստեր, գրքեր ու հոդվածներ։
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ